1 + 4-ը ամենահաջողված պետական ծրագրերից է, որը պարզեցված կարգով 2010 թվականից Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ստանալ։ Դիմորդները հանձնում են ընդհանուր ունակությունների քննություն՝ հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն կամ օսերեն, որից հետո յուրաքանչյուր համայնքից 100-100 ուսանողի պետությունը ֆինանսավորում է վրաց լեզվի վերապատրաստման մեկամյա դասընթացների և հետագա ուսման համար։ Նրանք, ովքեր ծրագրի սկզբում դրամաշնորհ են ստանում, պետական ֆինանսավորմամբ կարող են նաև ուսումը շարունակել բակալավրիատում։ Ծանր վիճակում են այն ուսանողները, որոնք բարձր միավորներ ստացողների քվոտայից դուրս են մնում։
Առանց դրամաշնորհի մնացած ուսանողները ստիպված են 1 + 4-ի նույնիսկ առաջին տարում՝ վրացերեն սովորելու համար 2 250 լարի վճարել։ Նախապատրաստական փուլն ավարտելուց հետո ցանկացած բակալավրիատի ծրագիր նրանց համար վճարովի է: Նախարարությունն ասում է, որ անվճար ֆակուլտետների համար նրանք դրամաշնորհներ կստանան միայն այն դեպքում, եթե ինչպես մյուս դիմորդները, հանձնեն ազգային քննություններ: ԿԳ նախարարի հրամանի համաձայն՝ «անթույլատրելի է վրացերենի վերապատրաստման ծրագրի շրջանակներում ծրագրային ֆինանսավորման շրջանակներում բակալավրիատի/ուսուցչի հավատարմագրված ինտեգրված կրթական ծրագրում ընդգրկված անձանց ֆինանսավորումը»։ Նմանատիպ սահմանափակում գործում է 2013 թվականից և ամեն տարի անփոփոխ տեղափոխվում է հրամանից հրաման։
Կառավարությունից հենց այս հրամանը փոխել, չեղարկել, լրացուցիչ քվոտաներ մտցնել, կամ այլ կերպ լուծում են պահանջում ուսանողներն ու իրավապաշտպանները։ Նրանք կարծում են, որ պետության վերաբերմունքը խտրական է, խախտում է հավասարության սկզբունքը և միևնույն ժամանակ ստեղծում է բազմաթիվ այլ խնդիրներ։ 1+4-ի մասնակիցների մեծ մասը ծրագիրը հենց ուսման վարձը չվճարելու պատճառով չի ավարտում, ոմանք չեն կարողանում հոգալ ոչ միայն բակալավրիատի, այլև վրացերենի նախապատրաստական կուրսի ծախսերը։ Ազգային փոքրամասնություններով բնակեցված քաղաքներում և գյուղերում որակյալ ուսուցիչների պակաս կա, և որոշ տեղերում մեկ ուսուցիչ ստիպված է դասավանդել մի շարք առարկաներ, որոնք լիովին անհամատեղելի են միմյանց հետ:
21 տարեկան Փերի Իսմայլովան սովորում է Իլիայի պետական համալսարանի Վրացերենի բանասիրության երրորդ կուրսում։ Մի անգամ, երբ չի կարողացավ վճարել ուսման վարձը և ընտրել առարկաները, տեղեկացավ, որ համակուրսեցիներն ընդհանրապես չեն վճարում ուսման վարձը, քանի որ ծրագիրը ֆինանսավորվում է պետության կողմից։
«Սա շատ մեծ անարդարություն է, ես էլ եմ այս երկրի զավակը ու մենք պետք է ունենանք հավասար իրավունքներ»։
«Ես առանց 1+4 ծրագրի չէի կարողանա համալսարան ընդունվել, քանի որ մեր գյուղում վրացերենի ուսման մակարդակը շատ ցածր է»,- Փերին ապրում է Լագոդեխիի Ուզունթալա գյուղում և այնտեղի երեխաներին վրացերեն է սովորեցնում։
Փերին փոքր բիզնես ունի, աքսեսուարներ է գործում ու վաճառում։ Նրա ընտանիքի եկամտի միակ աղբյուրը ձեռագործ աշխատանքն ու երեխաների պարապմունքներից ստացված գումարն է։ Դրանով է վճարում նաև ուսման վարձը։ Մինչև համաճարակը, երբ ապրում էր Թբիլիսիում, ուսմանը զուգահեռ աշխատում էր նաև խանութում։ Փերիի մայրը կենսաթոշակային տարիքի է, սակայն Վրաստանի քաղաքացիություն չունենալու պատճառով՝ նույնիսկ թոշակ չի ստանում։
«Հիմա հեռավար ենք սովորում ու կարծում եմ՝ իզուր եմ գումար վճարում։ Համալսարանում մեկ կիսամյակ եմ սովորել և լավ գնահատականներ ունեի։ Հետո, երբ անցանք հեռավար ռեժիմի, մեծ դժվարություններ եղան, հեռախոսով էի մասնակցում դասերին, համակարգիչ չունեի։ Վերջերս մասնակցեցի մրցույթի, հաղթեցի ու համակարգիչ ստացա նվեր։ Դա մի քիչ օգնեց ինձ։ Բազմիցս մտածել եմ ուսանողի կարգավիճակը դադարեցնելու մասին, բայց չեմ ուզում տարի կորցնել»։
23-ամյա Դիանա Գալոյանը 1 տարի առաջ ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բազմալեզու կրթություն - տարրական ուսուցիչների պատրաստման ծրագիրը։ Այս ծրագիրը նույնպես ֆինանսավորվում է պետության կողմից, սակայն Դիանան 5 տարվա ընթացքում ամեն տարի վճարել է 2 250 լարի։
«Մեզ սկզբից ասում էին, որ ֆակուլտետն անվճար է լինելու, բայց միևնույն է վճարեցինք։ Երկրորդ կուրսում իմացանք, որ անվճար է նրանց համար, որոնք այդ ֆակուլտետ են ընդունվել առանց 1 + 4 ծրագրի», - Դիանան համալսարանն ավարտելուց հետո հանձնել է ուսուցիչների իրավասության քննությունը և այժմ աշխատում է որպես մաթեմատիկայի երկլեզու ավագ ուսուցչուհի՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի դպրոցում։ -«Համալսարանում մեծ ֆինանսական խնդիրներ եմ ունեցել։ Ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով՝ դժվար է ուսման վարձը վճարելը։ Մի քանի անգամ փորձել եմ դրամաշնորհ ստանալ, բայց չի ստացվել։ Մյուս կողմից դա ինձ դրդեց ավելի լավ սովորելուն և կրթաթոշակ ստանալուն: Վերջին երկու կիսամյակում կրթաթոշակ ստացա։ Անցյալ տարի խնդրագիր ստեղծեցինք, ստորագրեցինք, բայց դա արդյունք չտվեց։ Հետագայում այս ֆակուլտետները բոլորի համար անպայման պետք է անվճար դառնան»։
Դիանայի և ևս 505 հոգու ստորագրությամբ խնդրագիրը ստեղծվել է Թբիլիսիի պետական համալսարանի բազմալեզու կրթական ծրագրի ղեկավար Կախա Գաբունիայի կողմից։ Խնդրագիրը կրթության նախարարությանը հորդորում էր փոխել որոշումը, և խնդրում, որ եթե սահմանափակումն ամբողջությամբ չվերացվի, գոնե ազգային փոքրամասնությունների համար անվճար ֆակուլտետներում սահմանվեն քվոտաներ։
«Երբ դիմորդն ընդունվում է պետական ԲՈւՀ՝ բանասիրական կամ տարրական կրթության ուսուցչի ծրագրով, նա ամբողջությամբ ազատվում է ուսման վարձից։ Այս կանոնը չի վերաբերում 1 + 4 ծրագրից օգտվող ուսանողներին:
Երբ ուսանողն ավարտում է այս մեկամյա ծրագիրը և ընտրում ցանկալի ֆակուլտետը, եթե չունի անհատական դրամաշնորհ, լինի դա անվճար, թե վճարովի ֆակուլտետ, ամեն դեպքում նա վճարում է ուսման վարձը։ Սա ակնհայտորեն անարդար մոտեցում է», - Կախա Գաբունիան կարծում է, որ ազգային փոքրամասնությունների ուսանողները ուշադրության են արժանանում միայն 1 + 4 ծրագրի առաջին տարում, որից հետո նրանք լքվում են պետության կողմից։
1 + 4 ծրագրով սովորողների թիվը տարեցտարի ավելանում է։ Կրթության նախարարության տվյալներով՝ 2010-2021 թվականներին 1 + 4 ծրագրով բակալավրիատում սովորել է 8 855 ուսանող։
Վիճակագրության համաձայն՝ 1 + 4 ծրագրի ուսանողների գրեթե կեսը չի ավարտել համալսարանը։ Օրինակ, եթե 2015 թվականին ԲՈՒՀ է ընդունվել 638 դիմորդ, ապա 2019 թվականին ավարտել է 360 ուսանող։ 2017 թվականին ընդունված 800 ուսանողից 2021 թվականին դիպլոմ է ստացել միայն 425-ը։
Խնդրագրի հեղինակն ու դրա աջակիցները համոզված են, որ շատ ուսանողներ ուսումը չեն կարողանում ավարտել ֆինանսների սղության պատճառով, իսկ ոմանց խանգարում է վրացերենի ոչ բավարար իմացությունը։
«Ես այդ հարցը բարձրացնում եմ 2014 թվականից, բայց ինձ պատասխան չեն տալիս։ Ինչպե՞ս կարող է մարդ սովորել ուսուցիչների վերապատրաստման ծրագրով, կամ բանասիրական ծրագրով, նրա ոչ մի համակուրսեցին չվճարի և միայն նա վճարի ուսման վարձը։ Նրանց, 12 տարվա ընթացքում, դպրոցը պետք է տա վրացերենի իմացության պատշաճ մակարդակ։
Նրանք պետք է այն մակարդակի տիրապետեն պետական լեզվին, որ կարողանան մրցակցության մեջ մտնել վրացալեզու հասակակիցների հետ։
Նա մեղավոր չէ, որ պետությունը նրան պատշաճ լեզվական կոմպետենտություն չի տվել։ Միակ տարբերությունը, որը կարող է լինել ոչ վրացախոս և վրացախոս ուսանողների միջև, այն մեկ տարին է, որը կորցնում է ոչ վրացախոս ուսանողը»:
Կախա Գաբունիայի համար անընդունելի է նաև այն, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողները ստիպված են վճարել վրացերեն սովորելու համար։ Նա կարծում է, որ 1 + 4 ծրագրի առաջին տարին պետք է անվճար լինի բոլորի համար, - «Բազմալեզու ծրագրով պատրաստվում են երկլեզու կադրեր։ Այստեղից գնացող ուսուցիչը տարրական դասարաններ է մտնում և կարող է առարկան դասավանդել երկու լեզվով, բայց նախարարությունը չի օգտագործում սա, չեն տեղավորվում աշխատանքի, կամ եթե տեղավորվում են՝ առանց որևէ հեռանկարի։ Ամեն տարի այս ծրագրում 15-20 ուսանող է ընդունվում, բայց երբ երկրում նման խնդիր կա, 20 մարդը ոչինչ է։ Եթե անվճար լիներ, այստեղ 100 և ավելի ուսանող կհանձներ, որովհետև ուսուցչությունը աստիճանաբար հեղինակավոր է դառնում։ Նման ծրագրերին նախարարությունը պետք է աջակցի տարբեր ձևերով»։
Ցաուլինա Մալազոնիան 12 տարի է, ինչ աշխատում է որպես խորհրդատու ուսուցիչ Ախալքալաքի Զաքվի գյուղում՝ ոչ վրացալեզու դպրոցների աջակցության ծրագրի շրջանակներում։ Այս տարիների ընթացքում լավ է տեսնում, թե ինչպես են Ջավախեթիի դպրոցները դատարկվում հին կադրերից, իսկ նրանց տեղերը մնում են դատարկ։
«Կա դեպքեր, երբ մի ուսուցիչը դասավանդում է մի քանի դպրոցում։ Հաճախ ուսուցիչը մասնագետ չէ, բայց ինչ-որ դասընթաց է անցել և դասավանդում է առարկան։ Մենք ամենամեծ խնդիրն ունենք բնագիտական առարկաներում։ Այս առարկաները լավ չեն դասավանդվում, ինչը հանգեցնում է այլ շղթայական ռեակցիաների՝ այս մասնագիտությունների գծով մենք այլևս չունենք դիմորդներ, ովքեր գիտելիքներ ձեռք կբերեն ու որոշ ժամանակ անց կլրացնեն այդ դեֆիցիտը»։
Ցաուլինայի խոսքով, իրավիճակը բարելավելու համար պետությունը պետք է ակտիվ և հիմնավոր միջամտի, հակառակ դեպքում՝
«Մի քանի տարի հետո ոչ վրացալեզու դպրոցներում կարող ենք աղետի առաջ կանգնել, երբ դպրոցները այլևս ուսուցիչ չեն ունենա»։
Հասարակական հատվածի ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները խնդիրն ավելի խորն ու լայն են դիտարկում և քննարկում են ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետական քաղաքականության համատեքստում։ Կառավարությունը պետք է ռազմավարություն մշակի ազգային, կրոնական կամ այլ փոքրամասնությունների վերաբերյալ՝ այդ մարդկանց հետ անմիջական շփման միջոցով»,- կարծում է Սամցխե-Ջավախեթիի «Տոլերանտ» հասարակական կազմակերպության նախագահ Ցիրա Մեսխիշվիլին։
«1 + 4 ծրագիրը պետք է վերանայվի։ 2009 թվականի ծրագրերը այսօրվա իրավիճակում արդեն հնացած են։ Կրթությունը պետք է լինի երկրի առաջնահերթությունը՝ անկիրթ մարդիկ չեն կարող լավ պետություն կառուցել, կրթված մարդիկ են կառուցում լավ պետություն։ Միևնույն ժամանակ, այս կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից։ Կարծում եմ, որ այս հրամանի մեջ լուրջ սխալ կա, և դրա ուղղումը հնարավոր է»:
Կրթության նախարարության պատասխանները «Մթիս Ամբեբիի» հարցերին ցույց են տալիս, որ «նախարարությունն աշխատում է բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մոդելի վրա, որը, ի թիվս այլ հարցերի, կներառի նաև ազգային փոքրամասնությունների ուսանողների համար բարձրագույն կրթության հասանելիության բարձրացման հարցը: Ուստի՝ ծրագրի հետագա զարգացումը, քվոտաները և այլ հարցեր, կքննարկվեն միասնական համատեքստում»։
Մեր հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախարարի հրամանը, որով սահմանափակումներ են մտցվում 1+4 ծրագրի ուսանողների համար, նախարարությունից պատասխանեցին, որ «1+4 ծրագրի հիման վրա բուհ ընդունվող ուսանողները օգտվում են արտոնյալ քաղաքականությունից, հետևաբար այս հանգամանքը հաշվի է առնվել այսպես կոչված առաջնահերթ ծրագրեր ընդունելու նախադրյալները որոշելիս»։
Խնդրագրից անցել է մեկ տարի։ Դրա հեղինակներն ու ստորագրողները պատասխան չեն ստացել, սակայն «Մթիս Ամբեբիի» փոխանցված տեղեկության մեջ ասվում է, որ «2022-2023 ուսումնական տարվա բարձրագույն կրթության առաջին փուլի առաջնահերթային ծրագրերի ֆինանսավորման կարգը մշակելիս, միջգերատեսչական աշխատանքային խումբը հաշվի կառնի դիմումը և կքննարկի նշված հարցը»։