Քանդում և հարկադիր վերաբնակեցում
Քարից կառուցված փայտե պատշգամբով Մթիանեթական ոճի հին տունը Ծկերեն զարդարում էր մոտավորապես 1950 թվականից։ Տունը պատկանում էր Զաքաիձեներին։ Նիկո Զաքաիձեի ընտանիքը Ծկերեից Ռուսթավի է տեղափոխվել 20 տարի առաջ, երբ երեխաները դարձան դպրոցահասակ, իսկ Խադայում նույնիսկ միջնակարգ դպրոց չկար։ Այդ ժամանակվանից նրանք Ծկերեում ապրում էին միայն ամռանը։ Նիկոյի երեխաները մի քանի ամիս առաջ են իմացել, որ հայրական տունը գտնվում է Քվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարության գոտում և պետք է քանդվի։ Տունը գնել է Ճանապարհային վարչությունը, իսկ դեկտեմբերի 4-ին այն տրակտորով քանդեցին։
«Տուն քանդելը շատ վատ բառ է։ Տունը չէին քանդում, տունը մասնատում էին։ Նախկին սեփականատերը, ցանկության դեպքում, տան նյութը կարող է տանել ուր ուզում է։ Քաղաքացին տեխնիկա է խնդրել՝ տունը քանդելու համար։ Նրա հետ միասին է տեղի ունեցել տան մասնատումը։ Քանդումը հարկադրանքի միջոց է, տեղի է ունեցել տան մասնատում»,- Ճանապարհային վարչության փոխնախագահ Սալոմե Ծուրծումիան իշխանության բարի կամքի դրսևորում է որակում նաև Ռոստիանի գյուղի բնակիչների վերաբնակեցումը, որը ավելի շատ հարկադրանքի բնույթ ունի։ Գյուղը սարի ստորոտում է։ Բնակավայրից վեր՝ մոտ 200 մետր, լեռան մեջ կտրված է 15 մետր լայնությամբ ճանապարհ։ Կտրված հողը հսկայական քարերի հետ միասին հավաքվում է այնտեղ ու ուղիղ նայում այն տանը, որտեղ մնացել այնտեղ մշտապես ապրող Նիկո Ռոստիաշվիլիի և Սոփիո Ապցիաուրիի միակ ընտանիքը։
86-ամյա Նիկո Պապը ձեռքը պարզում է Ռոստիանիի դիմաց՝ գետի մյուս կողմում առաջացած սողանքին. «Քորողո գյուղն է։ Ճանապարհ երբեք չի եղել: Վերջում մի մարդ էր ապրում, նա էլ գնաց։ Հետո վերադարձավ։ Տրակտորով ճանապարհ շինեց, ուզում էր այնտեղ ապրել։ Սարից եկող ջուրավ քանդեց փորված ճանապարհը և լանջն ամբողջությամբ փլվեց։ Վերջնականապես գնաց այդ մարդը այստեղից և ապրում է Արագվիսպիրիում։ Քորողոյից մնաց գյուղի փլատակներ։ Նույնը մեր գյուղին է սպառնում։ Եթե այս սարը կտրեն, չեն կարողանա պահել, մեզ գետը կլցնի։ Մինչև հիմա ձնահյուսից էի վախենում, հիմա սողանք է կլինի»։
Ինչո՞ւ չպետք է հաշվի առներ Ճանապարհային վարչությունը այն ռիսկերը, որոնց կհանդիպի Ռոստիանին։ Սողանքը նույնիսկ զարգացած է Սվիանա-Ռոստիանիի ստորին հատվածում։
«Ի սկզբանե պարզ էր, որ ծրագրի հենց կենտրոնում եղած գյուղի վրա ազդեցություն է լինելու։ Վտանգները թաքցնելու նպատակը այն էր, որ Ասիական զարգացման բանկի ղեկավարությանը և տնօրենների խորհրդին ցույց տրվեր, որ այստեղ մեծ խնդիրներ չկան, հակառակ դեպքում ճանապարհը կանցներ դժվար երկրաբանական տարածքով, ինչի հետևանքով նախագիծը ավելի թանկ կարժենար»,- այսպես է նկարագրում «Կանաչ այլընտրանք» կազմակերպության տնօրեն Մանանա Քոչլաձեն այն, որ Քվեշեթի-Կոբի ճանապարհի ոչ մի փաստաթղթում որևէ բան չի ասվում Ռոստիանիից հարկադիր վերաբնակեցման մասին։
Նիկո Պապը կանգ չի առել և բողոքել է։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տվյալներով՝ Ռոստանիի տներն ու օժանդակ շինությունները անկայուն են շինարարության վատ չափանիշների և հնության պատճառով: Ճանապարհային վարչությունը դրանից հետո միայն որոշակի փոխհատուցում է առաջարկել ռոստիանցիներին։ Վարչության նախագահի տեղակալը սա անվանում է սոցիալական գործողություն և ոչ թե հարկադիր վերաբնակեցում.
«Այս գյուղը վերաբնակեցման ենթակա չէ։ Ընդհանուր 7 տուն կա։ Փորձագետների կողմից ստուգում ենք պատվիրել։ Տները շահագործման ենթական չեն, իսկ այնտեղ ապրելն անթույլատրելի է։ Կարող է փլուզվել ցանկացած պահի: Այդ մարդկանց այնտեղ ապրելու հնարավորություն տալու համար նախատեսում ենք սոցիալական միջոցառում իրականացնել։ Փոխհատուցում շենքերը ամրացնելու կամ նոր տուն կառուցելու համար: Սա բարի կամք է։ Ճանապարհաշինությունը դրա հետ կապ չունի։ Մայրուղին դրան չի ազդում։ Սա սոցիալական նախագիծ է»:
Հոկտեմբերի վերջին Նիկոլոզ Ռոստիաշվիլին տեղեկացրել են, որ փոխհատուցում վճարելու համար հողատարածքը, որի վրա գտնվում է տունը, պետք է հանրային ռեգիստրում գրանցվի որպես սեփականություն։
Հետաքննություն Արախվեթիի բնակիչների դեմ
Հենց այս պատճառով Արախվեթի գյուղի բնակիչները 2020թվականին զանգվածաբար դիմել են Հանրային ռեգիստրի գործակալություն և այսպես կոչված հայրական հողերը գրանցել որպես սեփականություն։ Արախվեթին նույնպես ներառված է Քվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարական գոտում։ Ճանապարհի և թունելի շինարարությունը սկսելուց հետո դատախազությունը քրեական գործ է հարուցել Արախվեթիի բնակիչների նկատմամբ։
Երեք շաբաթ առաջ Գորիի դատախազությունում հարցաքննվել է Նուգզար Բուրդուլին. «Պետական գույքի յուրացման մեջ են ինձ մեղադրում։ Ասում են, որ պետք է ինձ մեղավոր ճանաչեմ և հողը վերադարձնեմ պետությանը: Գյուղացիները, ովքեր ստորագրել են, որ հողամասն իսկապես պատկանում է իմ ընտանիքին, նույնպես մեղադրվում են խարդախության մեջ։ Ինձ զգուշացրին, որ եթե ընդունեմ մեղքս, ապա ամեն ինչ թեթև կվերջանա։ Ես հրաժարվեցի ընդունել: Ռեգիստրը օրինականացրել է այս հողատարածքը բոլոր կանոնների պահպանմամբ։ Ուրիշ ոչ մեկը չի բողոքում դրա համար։ Այս գյուղում միայն մեկ ազգանունի մարդիկ ենք ապրում։ Այստեղ բոլորը գիտեն՝ ով ինչ ունի»։
Օրեր առաջ Գուդաուրիի ոստիկանական բաժանմունքում հարցաքննվել է նաև տեղացի Յուրի Բուրդուլին։ «Քննիչն ինձ ասաց, որ այս հողատարածքը չի կարող օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով, քանի որ այն գտնվում է թեքության վրա և ունի բարձր թեքություն։ Հարցրեցի, թե ինչպես են դա որոշում, ինչ թեքություն պետք է լինի դա։ Ասում են նման չափանիշ չկա, բայց դա այդպես է։ Ինչ օրենք որ կա, ես ըստ դրա գրանցել եմ։ Ես ռեգիստր եմ դիմել 2020 թվականին։ Հիմա եթե պարսպապատված չէ, իմը չէ՞։ Մթիուլեթին աղքատ է հողով, այստեղի բոլոր հողակտորներն ու լանջերը օգտագործվել են մեր նախնիների կողմից։ Երբ կառավարությունը հասավ եզրափակիչ և սկսեց Քվեշեթի-Կոբի նախագիծը, հիմա նրանք հետ են վերադառնում: Ինձ կդատեն, հողն ու փողը հետ կվերցնեն ու կպատժեն։ Վկաներին ու հարևաններին, ովքեր ստորագրել են հարցնում են, ինչ են հիշում, այնտեղ գարի էր ցանած, սխտոր, թե կարտոֆիլ։ Պայքարելու եմ մինչև վերջ»,- Յուրի Բուրդուլիին հարցաքննության ժամանակ նույնպես ասել են, որ հանցագործությունը խոստովանելու դեպքում պատժից խուսափելու և այն մեղմելու երկու ճանապարհ կա՝ թողնել հողը, կամ համաձայնության հասնել։ Եթե չհամաձայնվի՝ նրան կդատեն և կսպառնա մինչև 9 տարվա ազատազրկում։
Արախվեթցի Վախթանգ Բուրդուլին անցյալ տարի դատական վեճի արդյունքում Դուշեթիի մունիցիպալիտետից հետ է վերադարձրել Քվեշեթի-Գուդաուրի ճանապարհի եզրին գտնվող հայրական 190 քմ հողատարածքը։ Հողամասը մունիցիպալիտետի սեփականություն է դարձել հարակից հողատարածքում ծիսակատարությունների տուն կառուցելուց հետո։ 2021 թվականին Ռեգիստրը հողամասը գրանցել է որպես Վախթանգ Բուրդուլիի սեփականություն։ Այս հողամասը նույնպես ընկնում է Քվեշեթի-Կոբի ճանապարհի գոտում։ Մինչ ճանապարհային դեպարտամենտի կողմից հողատարածքը գնելը, դատախազությունը հետաքննություն է սկսել նաև Վախթանգ Բուրդուլիի հանդեպ՝ հողատարածքի խաբեությամբ տիրանալու փաստով։
Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի շրջանային դատախազությունը խարդախության է մեջ մեղադրում Արախվեթիում բնակվող շուրջ 20 մարդու։
Գորիի շրջանային դատարանի դատավոր Դավիթ Մակարիձեն 2021 թվականի նոյեմբերի 5-ին բավարարել է դատախազի միջնորդությունը և հողակտորները բռնագանձվել է։
Դատավճռից պարզ է դառնում, որ գործը քննվում է Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 180 հոդվածով (խոշոր չափերով յուրացում), 332 հոդվածով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 362 հոդվածով (փաստաթուղթ կեղծելը, որն առաջացրել է էական նշանակություն վնաս): Յուրացման դեպքում Արախվեթիի բնակիչներին սպառնում է 6-9 տարվա ազատազրկում, իսկ Քվեշեթիում Դուշեթիի քաղաքապետի ներկայացուցչին, ով դատախազության կողմից մեղադրվում է կեղծ տեղեկություններ տրամադրելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, սպառնում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում։
Ամբողջ Խադայի հովտում մենք հանդիպեցինք միայն մեկ ընտանիքի, որը հրաժարվել է հողը վաճառել Ճանապարհային վարչությանը: Քվեշեթի-Կոբի մայրուղին պետք է անցնի Բենիանի գյուղում գտնվող Գիգա Չոխելիի տնից 100 մետր հեռավորության վրա։ Ընտանիքին պատկանող մեկ հողատարածք, որտեղ նրանք կարտոֆիլ են աճեցնում, մնում է մայրուղու մյուս կողմում և կարելի է հասնել միայն շրջանցիկ՝ անասունների համար նախատեսված միջոցով: Տնից դեպի հողամաս մուտքի ճանապարհը կազմում է 1,5 կիլոմետր։ Մինչև բռնագրավումը, ինչը ենթադրում է պետության կողմից գույքի բռնի զավթում, Գիգային կրկին հանդիպել են Ճանապարհային վարչությունից և առաջարկել մեծացնել հայրական հողամասի տարածքը։ Խոստացել են մեկ քառակուսի մետրի համար վճարել 20 լարի։ Գիգան կարծում է, որ իրեն ցանկացել են կաշառել։ Վարչության առաջարկը մերժել է երկու պատճառով, նախ՝ չի վաճառում հողամասը, քանի որ դեմ է Խադայի հովտում Քվեշեթի-Կոբի ճանապարհի կառուցմանը, և երկրորդ՝ այս առաջարկը ընդունելուց հետո նրա դեմ նույնպես կարող է քրեական գործ հարուցվել։
Մերժումից հետո Ճանապարհային վարչությունը հայց է ներկայացրել Գիգա Չոխելիի ընտանիքի դեմ՝ օգոստոսի 30-ին 1442 քմ ընդհանուր մակերեսով 2 հողամասի բռնագրավման պահանջով։ Մցխեթայի շրջանային դատարանը 6 օրվա ընթացքում բավարարել է վարչության հայցը։ Գիգան Մցխեթայի շրջանային դատարանի որոշումը բողոքարկել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանում և պահանջում է չեղարկել բռնագրավումը։
Ի՞նչ օգուտ ենք ստանում այս ճանապարհից
Եթե դատարանը վճիռ է կայացրել 6 օրում Քվեշեթի-Կոբի ճանապարհի կառուցման համար հողատարածքների բռնի զավթման մասին, ապա անցել է ուղիղ երկու տարի այն բանից, երբ Գիգա Չոխելին և «Կանաչ այլընտրանքը» դիմել են Թբիլիսիի քաղաքային դատարան՝ չեղարկելու Քվեշեթի-Կոբի ճանապարհի վերաբերյալ բնապահպանական որոշումը։ Դատավոր Նանա Ափցիաուրին նույնիսկ չի սկսել գործի քննությունը։
Այս ընթացքում արդեն սկսվել է Քվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարությունը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 23 կմ երկկողմանի ասֆալտբետոնե ճանապարհի, 5 կամրջի, 5 թունելի կառուցում և 1 կամրջի վերականգնում։ Դրանց թվում է 9 կմ երկարությամբ և 15 մետր տրամագծով թունելը, որը, ըստ Ճանապարհային դեպարտամենտի, կլինի Վրաստանի ամենամեծ թունելը և աշխարհում եզակիներից մեկը։
«Խադայի կիրճում կամուրջն ու թունելը ներկայացվում են որպես տեսարժան վայր և նման մոտեցումն ի սկզբանե անընդունելի պետք է լինի», - Մանանա Քոչլաձեի խոսքով, Քվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարության նախագիծն պատմամշակութային կառույցներով հարուստ Խադայի հովտում այնպես է հաստատվել, որ նույնիսկ մշակութային ժառանգությունը չի ուսումնասիրվել․ «Սրա օրինակն է այն, որ հետո իրականացված գույքագրումով ի հայտ եկավ ևս 130 մշակութային օբյեկտ, որը սկզբանական գույքագրման մեջ ընդհանրապես չէր ներառվել»։ 2020 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ICOMOS), Խադայի հովիտը հռչակեց որպես վտանգված ժառանգություն:
«Կանաչ այլընտրանքի» կողմից Ասիական զարգացման բանկի (ADB) բողոքների հանձնաժողովին ներկայացված բողոքում, հիմնական խնդիրներից են Խադայի հովտին հասցված վնասը և այլընտրանքային երթուղու տարբերակների ոչ պատշաճ դիտարկումը։
Բողոքը համարվել է ընդունելի, սակայն կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած սահմանափակումների պատճառով դրա ուսումնասիրությունը շատ ուշացավ։ ԱԶԲ փորձագետները Վրաստան են ժամանել հոկտեմբեր-նոյեմբերին։
Մանանա Քոչլաձեին հարցրինք, թե ինչ կարող է փոխվել հիմա, երբ ճանապարհի շինարարությունն արդեն սկսվել է. «Թունելը ամենաքիչ խնդրահարույց հարցն է այս նախագծում։ Այստեղ ամբողջ խնդիրը Խադայի հովտում անցկացվող ճանապարհներն ու կամուրջներն են։ Շատ կարևոր է, որ նման ազդեցությունը լինի հնարավորինս թաքնված։ Այսինքն, որտեղ լրացուցիչ կամուրջ կամ ենթակառուցվածք կառուցելու կարիք չկա, այն չպետք է կառուցվի։ Փորձագետները նույնպես ուսումնասիրում են, թե որքանով են հետազոտվել այլընտրանքները, սակայն ինչպես տեսնում ենք, այս հարցը ուշացած է»։
Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլրդ լարի է։ Շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ADB, EBRD) կողմից տրամադրված վարկով։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։
Ճանապարհային դեպարտամենտի նախագահի տեղակալ Սալոմե Ծուրծումիան Քվեշեթի-Կոբիի նոր ճանապարհի կառուցման հիմնական փաստարկներից է համարում ճանապարհների թողունակության ավելացումը։ Քվեշեթի-Կոբի հատվածը Վրաստան-Ռուսաստան միջազգային նշանակության ճանապարհի մի մասն է։ Ջվարիի լեռնանցքում առատ ձյան և ձնահյուսի վտանգի պատճառով ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է մի քանի օր անընդմեջ, և երկու կողմից թուրքական, հայկական, ռուսական և ադրբեջանական ընկերությունների բեռնատարների երկար հերթեր են գոյանում։ Երբ փակվում է Ջվարիի լեռնանցքը, դա խնդիրներ է ստեղծում նաև Կազբեգիի բնակիչների համար։ Գուդաուրի հանգստավայրը նույնպես ծանրաբեռնված է տարանցիկ մեքենաների երթևեկությամբ։
Անվտանգ ճանապարհն էական է ոչ միայն Ջվարիի լեռնանցքում, այլև Խադայի հովտում, որտեղ մարդիկ հիմնականում ապրում են ամռանը, իսկ ձմռանը ոչ ոք հոգ չի տանում ճանապարհի մասին և նրանք ստիպված են լինում լքել հովիտը:
Մանանա Քոչլաձեն կենտրոնանում է Քվեշեթի-Կոբի ճանապարհի տնտեսական օգուտների վրա. «Ասիական զարգացման բանկի փաստաթուղթն ինքնին, որը գնահատում է Վրաստանի տրանսպորտային քաղաքականությունը, մեզ ասում է, որ Վրաստանում տարանցման քաղաքականությունն անարդյունավետ է։
Այն գումարը, որը փոխադրողները վճարում են տեղում փոխադրումների համար, 2/3-ով պակաս է, քան Վրաստանի բյուջեն, որը ծախսվում է ճանապարհների համար։ Մենք ասում ենք, որ տարանցման միջոցով մենք մեծացնում ենք երկրի տնտեսական օգուտը, բայց իրականում տեղական հարկատուները սուբսիդավորում են միջազգային բեռների տարանցումը։
Միաժամանակ մենք վնասում ենք Խադան։ Սա մշակութային տեսակետից շատ կարևոր հովիտ է։ Այն մոտ է Թբիլիսիին, և վերջերս սկսվել է տուրիզմի զարգացումը։ Մշակութային ժառանգությունը վտանգող վատ կատարված հետազոտությունների պատճառով տեղական բնակչությանը ոչ մի օգուտ չկա: Նրանք նույնիսկ ճանապարհ չեն կառուցել, քանի դեռ բնակիչները չեն սկսել բողոքել։ Մենք ստիպված կլինենք այդքան մեծ վարկ վճարել։ Այս նախագիծը չի ծառայում կոնկրետ շրջանի զարգացմանը։ Այս ճանապարհը որոշակի դրական ազդեցություն կունենա Գուդաուրիի զարգացման վրա, ոչ ոք դա չի հերքում, բայց Քվեշեթի-Կոբի ճանապարհը կարող էր անցնել ուրիշ՝ ոչ այնքան կարևոր կիրճով»:
Տեխնիկական և տնտեսական հիմնավորումը, որը մանրամասն նկարագրում է, թե ինչու է անհրաժեշտ այս ճանապարհը, ինչ այլընտրանքներ են դիտարկվել, ինչը հանգեցրել է ճանապարհի այս տարբերակի նախապատվությանը և այլն՝ հանրայնորեն գոյություն չունի։
Այս փաստաթուղթը Ճանապարհային դեպարտամենտի նախագահի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N230 հրամանով համարվել է կոմերցիոն գաղտնիք՝ «Կանաչ այլընտրանք»-ի կողմից դրա փոխանցման պահանջից հետո։ ՀԿ-ն անցյալ տարի բողոքարկել է գաղտնիության որոշումը դատարանում։ Այս գործը դեռևս բացահայտված չէ։
Քվեշեթի-Կոբի հատվածը Նատախտարիից Լարս (վրաց-ռուսական սահման) ճանապարհի մի մասն է։ Այն սկսվում է Նատախտարի-Ժինվալի հատվածի ընդլայնմամբ և շարունակվում է Ռուսաստանի ուղղությամբ՝ Քվեշեթի-Կոբիով։ Հավանական է, որ Նատախտարի-Ժինվալի հատվածում բնակեցման առումով ավելի շատ խնդիրներ կունենանք, քանի որ այս տարածքն ավելի խիտ է բնակեցված։ «Տեխնիկական տնտեսական հիմնավորման մեջ մի քանի այլընտրանքներ են հայտնաբերվել։ Եթե քաղաքացու մոտ թյուր պատկերացում չկա, ապա նրա հողամասը ենթակա կլինի վերաբնակեցման, կամ չի ունենա կեղծ ակնկալիքներ և չի ընկալվի որպես վարչական մարմնի խոստում, ուստի մինչև մանրամասն նախագիծ չմշակվի, դա համարվում է կոմերցիոն գաղտնիք։ Տեխնիկական-տնտեսական հիմնավորման մեջ Քվեշեթի-Կոբի հատվածն առանձնացված չէ և անհնար է այն փոխանցել»,- պարզաբանում է Սալոմե Ծուրծումիան։
Ի՞նչ է ստանալու Խադայի հովիտը այս նախագծի դիմաց։ Ընթացիկ խոստումի համաձայն՝ ասֆալտապատ ճանապարհ Քվեշեթիից մինչև Ծկերե, որը կմիանա Բենիանիի մոտ գտնվող կենտրոնական մայրուղուն։ Մի քանի ընտանիքներ կունենան խմելու ջրի նոր ցանց՝ նախատեսվում է վերականգնել ջրհավաք ավազանը և փոխել խողովակները, Խադայի հովտի զարգացման ծրագիր, որ եթե մարդիկ վերադառնան հովիտ, այն քաոսային չի զարգանա։