Տները տեսնու՞մ եք, կեսից ավելին արդեն դատարկ է։ Բոլորը գնացել են։ Հնարավոր չէ այստեղ ապրել, դժվար է։ Նինոծմինդան այստեղից 40 կմ հեռավորության վրա է։ Գյուղում ոչինչ չունենք, ոչ մանկապարտեզ, ոչ բժիշկ, ոչ էլ խանութ։ Ամբուլատորիան կառուցեցին, բայց ինչի՞ համար։ Երբեք բժիշկ չի եկել, միշտ փակ է։ Գազ չունենք, աթար ենք պատրաստում և դրանով տաքանում։
Ձմռանը, որպեսզի գնանք շրջան՝ 500 լարի է անհրաժեշտ։ Երաշխիք չունես որ գնացիր՝ ետ ես գալու։ Երբ կինս ծննդաբերում էր «Վիլիսով» գնացինք։ Չգիտեի կհասնեմ մինչև հիվանդանոց, թե երկուսս էլ կմահանանք։ Ճանապարհին ուժեղ քամի էր ու բուք։ Երբեմն, երբ չենք կարողանում ձյան միջից դուրս գալ, ստիպված ենք լինում տրակտոր կանչել, որպեսզի չսառենք, կամ ձյան տակ չթաղվենք։
Հաճախ գյուղում վառելանյութ էլ չկա։ Այս հարցը անցած տարի բարձրացրել ենք պատգամավորների մոտ» - Գենադի Գիգիլովը Նոր Խուլգումոյում առկա խնդիրների մասին շատ կարող է խոսել, սակայն իր և համագյուղացիների համար գլխավոր խնդիրը միևնույն է մնում է վատ ճանապարհը։
Նոր Խուլգումո գյուղը գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, Փարվանա լճի արևմտյան ափին, ծովի մակարդակից 2150 մետր բարձրության վրա։ Գյուղից մինչև Նինոծմինդա-Ծալկա ճանապարհը 3 կմ է։ Տեղացիները ձմռանը ավտոճանապարհից չեն օգտվում։
Մահվան ճանապարհ
Սամսարի և Ջավախեթիի լեռնաշղթաներից փչող ուժեղ քամին և քամու հետ բերված ձյունը ամբողջությամբ ծածկում է ճանապարհը և դարձնում անանցանելի։ Տրակտորը նույնպես հազվադեպ է մաքրում: Նոր Խուլգումոյի բնակչության համար խնդրի լուծումը սառած լճի վրայով կյանքի գնով տեղաշարժվելն է։
20-ամյա Բորիս Թոփալյանը և երեք եղբայրները՝ 24-ամյա Հովհաննես Գիգիլովը, 25-ամյա Վիտալի Գիգիլովը և 26-ամյա Եսայի Գիգիլովը, 2004 թվականի դեկտեմբերի 7-ին անցնում էին լճի վրայով, երբ սառույցը կոտրվեց և մեքենան ընկավ ջուրը։ Չորս երիտասարդներն էլ խեղդվեցին։ 2009 թվականի նոյեմբերի 28-ին սառցակալած լիճն անցնելիս մերկասառույցի տակ հայտնվեց նաև 15-ամյա Պողոս Չիվչյանը։ Երեխան հասցրել է գոռալ և նրա 16-ամյա եղբայր՝ Ռոմանը վազել է նրան օգնելու։ Սառույցը կրկին կոտրվեց, որին զոհ գնացին երկու եղբայրն էլ։
«Նոր Խուլգումո տանող ճանապարհը երբեք չի փակվում։ Երբ բուք է լինում, միայն այդ դեպքում չենք կարող մաքրել գյուղի ճանապարհը։ Ինչ վերաբերում է մանկապարտեզին, ապա Նոր Խուլգումոյում քիչ երեխաներ կան՝ հավանաբար 15: Ռոդիոնովկայում ավելի շատ երեխաներ ունենք և 2021 թվականին այնտեղ ենք նախատեսում մանկապարտեզ կառուցել»,- «Մթիս ամբեբիի» հետ զրույցում ասում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։
Ռիսկի ենք դիմում, երբ այլընտրանք չունենք
Վտանգավոր է, սակայն ձմռանը, երբ Փարվանա լիճն ամբողջությամբ սառչում է, Եգորն ու Անդրեյը միևնույնն է ձուկ են որսում։ Նրանք սառցակալած լճում կտրում են սառույցը և այդ կերպ ձուկ բռնում։ Փարվանայում մի քանի տեսակի ձուկ է ապրում։ Ձկնորսությունը Փարվանա լճի շրջակայքի գյուղերի բնակչության համար ամենօրյա և կայուն եկամտի աղբյուր է հանդիսանում։
Անդրեյը 30 տարեկան է, ունի մեկ երեխա։ Ամեն առավոտ ժամը 7-ին նավով մտնում է լիճ ձկնորսության, ժամը 12։00-ին՝ դուրս գալիս։ Ամբողջ օրվա ընթացքում որսում է 10 կգ մանրաձուկ։ Մեկ կիլոգրամը վերավաճառողներին հանձնում են 4-5 լարիով։ «Գնորդը գոհ է գնից։ Նրա համար լավ է, բայց մեզ համար, որպեսզի կյանքը վտանգի տակ դնենք... Հիմա ուժեղ քամի է։ Նման եղանակին ձկնորսությունը վտանգավոր է, բայց միևնույնն է գնում ենք։ Ռիսկի ենք դիմում, քանի որ այլ ճանապարհ չունենք»,- Անդրեյը և իր ձկնորսները մտավախություն ունեն, որ Փարվանա լիճը կարող է դառնալ Ջավախեթիի պահպանվող տարածքների մաս և նրանց արգելվի ձկնորսությունը:
Փարվանա և Սաղամո լճերը 2021 թվականի հունվարի 1-ից միացել են Ջավախեթիի պահպանվող տարածքներին։ Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունից «Մթիս ամբեբի»-ին պարզաբանեցին, որ նախատեսվում է երկու լճերն էլ մաքրել մնացած որսորդական ցանցերից, ապա այնտեղ լցնել տարբեր ձկնատեսակներ, որոնք բնորոշ են այդ լճերին, որով և կհեշտացվի այդ ձկների պահպանությունն ու վերականգնումը։ Ձկնորսությունը կկարգավորվի որոժ կանոնակարգերով: Նախարարությունից ասում են, որ տեղի ձկնորսները կկարողանան ավանդական ձկնորսությամբ զբաղվել։
Սամցխե-Ջավախեթիում եկամտի ևս մեկ աղբյուր է հանդիսանում կարտոֆիլի արտադրությունը, որը վերջին չորս տարում զգալիորեն նվազել է։ Եթե 2016 թվականին տարածաշրանում կարտոֆիլի բերքը կազմել է 160 հազար տոննա, ապա 2019 թվականին այն չի գերազանցում 115 հազարը։ Ըստ տեղացիների՝ կարտոֆիլի արտադրության անկումը մի քանի պատճառ ունի՝ երիտասարդների զանգվածային միգրացիան Ռուսաստան, ծանր աշխատանքն ու ապրանքի ցածր գինը։
«Մեր գործը կարտոֆիլն է։ Ուրիշ ոչինչ չկա, էլ որտե՞ղ պետք է աշխատես: Այստեղ աշխատում են միայն ուսուցիչները։ Երիտասարդները գնում են Ռուսաստան՝ ովքեր կարող են։ Մնացածս կարտոֆիլի համար ենք տանջվում։ Վաճառում ենք 50-60 թեթրիով։ Ընտրություններին ընդառաջ խոստանում են ձեռնարկություն կառուցել, որ կարտոֆիլն այստեղ հանձնենք։ Ընտրություններն անցնում են ու ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար, բոլորը մեզ խաբում են։ Ընտրություններից հետո ոչ քեզ են ճանաչում, ոչ էլ դու ես ճանաչում»,- 68-ամյա Ռուբիկ Մգդիչյանը Ախալքալաքի շրջանի Գոման գյուղից է։ Նրա գյուղի ամեն երկրորդ ընտանիքից երիտասարդները Ռուսաստան են մեկնում։
Վրացական ծրագրերը ընդդեմ ռուսական ազդեցությունների
Սամցխե-Ջավախեթիում բնակվող 81 089 էթնիկ հայ քաղաքացիներից միայն 16 676-ն է տիրապետում վրացերենին - այսպիսին է Վիճակագրության ազգային ծառայության 2014 թվականի մարդահամարի տվյալները: Ավելի նոր տեղեկություն գոյություն չունի։
2010 թվականից Վրաստանում իրականացվում է 1 + 4 կրթական ծրագիրը, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Այս ծրագրով փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ հեշտացված ձևով։ Երիտասարդները 1 տարի անցնում են վրացերենի վերապատրաստման դասընթաց և 60 կրեդիտ կուտակելու դեպքում ուսումը շարունակում են իրենց նախընտրած ֆակուլտետում։ Ծրագրից օգտվողների թիվը տարեցտարի աճում է։ 2010 թվականին 1 + 4 ծրագրից օգտվել է 247 դիմորդ, 2019 թվականին՝ 1335։
Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցն ազգային փոքրամասնություններին վրացերեն է դասավանդում երկրի 3 շրջաններում՝ Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի շրջանային ուսումնական կենտրոններում և շարժական խմբերում:
Մեկ այլ ծրագիր, որն ուղղված է էթնիկ փոքրամասնությունների գյուղերում վրացերենի ուսուցման բարելավմանը, ոչ վրացալեզու դպրոցների մասնագիտական աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում խորհրդատուներ և ուսուցիչների օգնականներ են ուղարկվում Նինոծմինդայի և Ախալքալաքի դպրոցներ։ Երկու շրջաններում միասին 86 հանրակրթական դպրոց կա, որոնց կեսն անգամ ծրագիրը չի ծածկում։
Խատիա Մեկոկիշվիլին Կախեթիից աշխատելու համար եկել է Ջավախեթի 8 տարի առաջ։ Առաջին ամիսներին շատ է դժվարացել։ Հայերեն չգիտեր, իսկ շուրջը վրացերեն չէին խոսում։ «Լեզվական խոչընդոտի պատճառով նույնիսկ գյուղից քաղաք հասնելու դժվարություն է եղել։ Վրացերեն խոսելու, շփվելու ոչ մի աղբյուր չկա։ Այս երեխաների համար ես միակ այդպիսի մարդն եմ։ Սկզբում մեզ չէին ընդունում, օտար էինք, վախի պահ էլ ունեին։ Հետո իրավիճակն այնքան փոխվեց, որ մեկ տարով եկած, ահա արդեն 9 տարի է այստեղ եմ ապրում»,- այժմ Խատիան վրացերեն է դասավանդում Գոմանի հանրակրթական դպրոցում։ Նա ասում է, որ վրացերենի ուսուցմանը զուգահեռ Ջավախեթիում ռուսամետության նվազում է նկատվում, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը դեռ բարձր է։
Ջավախեթիում աճում է այն երիտասարդների թիվը, ովքեր ուսումը շարունակելու համար ընտրում են ռուս-հայկական համալսարանը։ Երևանում գտնվող համալսարանում Ջավախեթիից առաջին ուսանողը ընդունվել է 2015 թվականին։ Այն ժամանակ ԲՈՒՀ-ը Վրաստանի քաղաքացիների համար հատկացրել է ընդամենը երեք տեղ, իսկ 2019 թվականին քվոտան հասցվել է 80-ի։ Ուսման վարձն ամբողջությամբ ֆինանսավորվում է համալսարանի կողմից:
2019 թվականի ապրիլին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացված հարցման համաձայն՝ Վրաստանի հայկական բնակավայրերում հարցվածների 65%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Վրաստանի համար վատ իրադարձություն էր։ 53%-ը կարծում է, որ Վրաստանն ավելի շատ կշահի, եթե Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերությունների դիմաց հրաժարվի անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Այս ցուցանիշներն ամենաբարձրն են Վրաստանում։
Ջավախեթիի բնակչության համար տեղեկատվության հիմնական աղբյուրները ռուսական և հայկական հեռուստաալիքներն են։ Վերջին տարիներին վրացական անկախ լրատվամիջոցները սկսել են Ջավախեթիի բնակչությանը հայերեն տեղեկատվություն տրամադրել։
Jnews գործակալության լրագրող Քրիստինա Մարաբյանն ասում է, որ չնայած տեղական լրատվամիջոցների օգտատերերի թվի աճին, ռուսական ալիքները շարունակում են մնալ տեղեկատվության հիմնական աղբյուրը Ջավախեթիում։
«Երբ բնակչության 80 տոկոսը Ռուսաստանում է փող աշխատում, այնտեղից է տնտեսական օգուտ ստանում, ի՞նչ եք կարծում, որքա՞ն է մեծ կախվածությունը Ռուսաստանից։
Մարդիկ ցանկանում են, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, խաղաղ գնան, վերադառնան և պահեն իրենց ընտանիքները։ Քանի որ մարդիկ Ռուսաստան են գնում արտագնա աշխատանքի, կա և՛ ռուսամետ վերաբերմունք, և՛ տնտեսական կախվածություն Ռուսաստանից։ Եթե նկատել եք, այստեղ գործարաններ չկան։ Ինչու՞ է անհրաժեշտ սովորել պետական լեզուն, որպեսզի աշխատենք պետական կառույցներում, այստեղ այդպիսի կառույցներ չկան։ Ուստի վրացերենի ուսուցման անհրաժեշտությունն ավելի քիչ է։ Կան դպրոցներ, Արդարադատության տուն, բայց այնտեղ ավելի շատ աշխատում են այն մարդիկ, ովքեր կրթություն են ստացել Թբիլիսիում։ Բայց եթե հարցնես կարտոֆիլ ցանողին, կամ ֆերմերին, ապա նա իրականում վրացերենի կարիք չունի։ Մեր բնակչության 95%-ը հայ է, և միմյանց հետ հայերեն ենք խոսում։ Ուստի վրացերեն խոսելու միջավայր չունենք։ Վրացերենի իմացությունը անհրաժեշտ է միայն աշխատել ցանկացող երիտասարդներին։ Բայց աշխատանք չկա, որտեղ աշխատել։ Վրացերեն սովորելու մոտիվացիան ավելի քիչ է։ Բոլորը հասկանում են, որ դա պետական լեզուն է, և պետք է տիրապետել, բայց դժվար է սովորել մի լեզու, որով չես շփվում ուրիշների հետ»։